Հիպերտոնիա
Գիտակցո՞ւմ ենք, արդյոք, դրա իրական վտանգը Հայաստանում մահաբեր հիվանդությունների առաջացմանը նպաստող ռիսկի գլխավոր գործոններից մեկը զարկերակային բարձր ճնշումն է։ «Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնի թերապեւտիկ բաժանմունքի վարիչ Կարինե Հովհաննիսյանը ցավով փաստում է, որ մարդիկ շատ հաճախ չեն գիտակցում այդ հիվանդության իրական վտանգը։ «Ճնշման տատանման ժամանակ առաջին հերթին պարտադիր պետք է դիմել տեղամասային կամ ընտանեկան բժշկին։ Նա պետք է որոշի, թե հիվանդն իր հետագա բուժումն ում մոտ պետք է անցկացնի։ Եթե դա ախտածնային հիպերտոնիա է, պետք է լինի այս կամ այն նեղ մասնագետի հսկողության տակ։Երբեք չի կարելի հարեւանի կամ բարեկամի խորհրդով դեղեր ընդունել։ Դրանք հնարավոր է մեկին ցուցված լինեն, իսկ մյուսին՝ հակացուցված, եւ մեծ բարդություններ առաջացնեն։ Նշանակումները պետք է կատարի բժիշկը, իսկ եթե արդեն բարդություններ կան՝ ուղեգրի համապատասխան մասնագետի մոտ։ Զարկերակային բարձր ճնշումը սովորաբար արտահայտվում է գլխացավով, գլխապտույտով, սրտխառնոցով, հավասարակշռության կորստով։ Սակայն հնարավոր է, որ այն առանց այդ ախտանշանների ընթանա եւ միայն պատահական հետազոտությունների ժամանակ հայտնաբերվի։Պատահում է, մարդը երկար տարիներ ունենում է այդ խնդիրը, բայց հանդիպում է ոչ թե նախնական հիվանդությանը, այլ դրանից առաջացած բարդությանը՝ ինսուլտ, ինֆարկտ կամ ակնահատակի զարկերակային ճյուղերի արյունազեղում։ Վերջինս մեծամասամբ կուրության է հանգեցնում։ Այդ պատճառով հիպերտոնիան կոչում են «լռակյաց մարդասպան»։Յուրաքանչյուր մարդ տարվա մեջ երկու անգամ պարտադիր պետք է դիմի տեղամասային կամ ընտանեկան բժշկին կամ գոնե զարկերակային ճնշումը ժամանակ առ ժամանակ տանը չափի։ Նախկինում ցանկացած քրոնիկ հիվանդության դեպքում մարդիկ դիսպանսեր հսկողության էին ենթարկվում. կատարվում էին անհրաժեշտ հետազոտություններ, լաբորատոր ախտորոշիչ քննություններ։ Հիվանդը մշտապես բժշկի հսկողության տակ էր գտնվում։ Հիմա մի տեսակ տարերային ձեւով է ամեն ինչ կատարվում։ Ժամանակին պատճառաբանվում էր, թե մարդիկ անվճարունակ են։ Իսկ հիմա՞ ինչն է խանգարում։ Չէ՞ որ ամբուլատոր հետազոտություններն անվճար են։ Ես կարծում եմ՝ բժշկին չդիմելը ոչ միայն սեփական առողջության նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի, այլեւ ոչ բարձր ինքնագիտակցության, ցածր կուլտուրայի հետեւանք է»,–համոզված է Կարինե Հովհաննիսյանը։Մասնագետը հորդորում է զարկերակային ճնշումն ստուգել վաղ տարիքից։ Ինչո՞ւ։ Որովհետեւ հիմնականում առանց ախտանշանների են ընթանում ախտածնային հիպերտոնիաները, որոնք ավելի հաճախ լուրջ պատճառներ են ունենում։ Դրանք լինում են՝ մակերիկամների ուռուցքների, երիկամային տարբեր հիվանդությունների, վահանաձեւ գեղձի ֆունկցիայի ախտահարման, շաքարային դիաբետի ժամանակ։ Իսկ այս հիվանդությունները, ցավոք, հանդիպում են նաեւ դեռահասային տարիքում։ «12 տարեկան երեխայի մոտ գլոմերուլոնեֆրիտ է հայտնաբերվել, երբ բժշկին են դիմել բարձր ճնշման պատճառով։ Ախտածին այդ հիվանդությունների վաղ ախտորոշումը շատ է կարեւոր, որպեսզի դրանք հնարավորինս չխորանան։ Ակնհայտ է, մինչեւ պատճառը չբուժվի, ճնշումը վերջնականապես չի կարգավորվի։ Բարեբախտաբար, ախտածին հիպերտոնիաները շուրջ 10 տոկոս են կազմում։ Զարկերակային բարձր ճնշման մնացած մասը հիմնականում ժառանգաբար է փոխանցվում։Զարկերակային բարձր ճնշումն առաջիններից մեկը սրտանոթային համակարգն է ախտահարում։ Տարիների ընթացքում սրտամկանի ծանրաբեռնված աշխատանքի հետեւանքով ձախ փորոքի հաստացում է տեղի ունենում, որն էլ առաջացնում է սրտանոթային եւ սիրտ–թոքային անբավարարություններ։Սրտի երկարատեւ անբավարար աշխատանքից ստորին վերջույթներն են այտուցվում, լյարդն է մեծանում, թոքի փեշերում հեղուկ է գոյանում»,–տեղեկացնում է մասնագետը։ Կանանց զարկերակային ճնշումը 110/70 է, տղամարդկանցը՝ 120/80։ Միջազգային չափորոշիչներով նորմալ ճնշում է համարվում 90/60–ից մինչեւ140/90–ը, եթե մարդն իրեն լավ է զգում։ Զարկերակային բարձր ճնշում ունեցողը ցանկալի է, որ տանը չափիչ սարք ունենա։ Մասնագետն էլեկտրոնային սարքերին այնքան էլ կողմ չէ։ Քանի որ դրանց մարտկոցների փոքր–ինչ նստելու դեպքում շեղումներ են լինում։ «Կարեւոր է հիվանդին սովորեցնել զարկերակային ճնշումը ճիշտ չափել։ Բայց ինքնաբուժում երբեք չի կարելի անել։ Շատ դեպքերում դեղերը զուգակցվում են, եւ միայն մասնագետը կարող է խուսափել բարդություններից։ Մանավանդ, որ մեծամասամբ զարկերակային բարձր ճնշմանը զուգահեռ որեւէ այլ հիվանդություն է լինում»,–ասում է Կարինե Հովհաննիսյանը։ Հաճախ զարկերակային ճնշման կտրուկ բարձրանալու դեպքում մարդիկ փորձում են ինքնուրույն միջոցներ ձեռնարկել։ Ոտքերը տաք ջրի մեջ են դնում, ծոծրակին՝ սառը թրջոց, հանքային ջրով թան են խմում եւ այլն։ «Քանի դեռ հայտնի չէ, թե ինչ է կատարվում, ժողովրդական միջոցների չի կարելի դիմել։ Եթե, ասենք, մարդն այդ պահին ինֆարկտ է տանում, ապա ոտքերը տաք ջուր դնելը կարող է նրան մահվան հասցնել։ Քանի որ ինֆարկտի ժամանակ ճնշումն սկզբում բարձրանում է, իսկ հետո, երբ ինֆարկտն սկսում է զարգանալ, ճնշման անկում է տեղի ունենում։ Հնարավոր է, որ ինֆարկտին բնորոշ ախտանշանները բացակայեն կամ չիմանան դրանց մասին։Պետք է խիստ զգույշ լինել, ինքնաբուժումներ չանել։ Մանավանդ, եթե ճնշումը զուգակցվում է սրտի շրջանում ուժեղ ցավերի, ծանրության զգացման հետ։ Նման դեպքերում պետք է հիվանդին պառկեցնել եւ անմիջապես շտապբուժօգնություն կանչել»,–խորհուրդ է տալիս մասնագետը։ Իսկ, ընդհանուր առմամբ, եթե մարդը քրոնիկ հիպերտոնիա ունի, եւ ժողովրդական որեւէ միջոց նրան օգնում է, ապա դեմ չէ դրա օգտագործմանը՝ բժշկի հետ խորհրդակցելուց հետո։ Լարված, նյարդային կյանքը, հոգսերը, սեփական անձի նկատմամբ անփութությունն ի վերջո կարող են հիպերտոնիկ հիվանդության առաջացման պատճառ դառնալ։Վերջին տարիներին ազգովի բավականաչափ ցնցումների, դժվարությունների միջով անցանք։ Մինչեւ հիմա էլ շատերը դժվարություններ ունեն։ Բժիշկը խորհուրդ է տալիս կուլ չգնալ դրանց եւ դժվարությունները հաղթահարել առանց լուրջ սթրեսների մեջ ընկնելու։ «Սթրեսը մեծամասամբ բերում է ճնշման բարձրացման կամ անկման։ Այո, պիտի կարողանալ դժվարություններին, անհաջողություններին մի քիչ թեթեւ նայել։ Ուրիշ ճար չկա։ Ընտրություն պիտի կատարել՝ խորանա՞լ սթրեսի մեջ՝ տխուր հետեւանքներով, թե՞ շարունակել ապրել, լավատեսորեն հուսալով, որ ժամանակի ընթացքում ամեն բան կկարգավորվի։Կարեւոր է նաեւ ճիշտ սնվելը։ Պետք է խուսափել յուղոտ, ճարպոտ, տապակած, աղի սննդից։ Հատկապես ուշ ժամերին չի կարելի աղի ինչ–որ բան ուտել եւ քնել։ Որովհետեւ հեղուկն աղը պահում է օրգանիզմում, թույլ չի տալիս, որ այն դուրս գա եւ գիշերվա ընթացքում նյութափոխանակության տարբեր խանգարումներ են սկսվում, որն էլ հենց բերում է ճնշման տատանումների եւ դրանից բխող բարդությունների։ Պատահական չէ, որ ինսուլտների, ինֆարկտների բարդացումները մեծամասամբ գիշերային ժամերին են լինում։ Անհրաժեշտ է շատ քայլել։ Բավական է ասել, որ, օրինակ՝ շաքարային դիաբետի ժամանակ, երբ թե՛ անոթային լուրջ խնդիր կա, թե՛ բաձր շաքար, քայլելու շնորհիվ ե՛ւ շաքարն է իջնում, ե՛ւ ստորին վերջույթների արյան շրջանառությունն է լավանում»,–ասում է «Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնի թերապեւտիկ բաժանմունքի վարիչ Կարինե Հովհաննիսյանը։Առողջ ապրելակերպով հնարավոր է շատ հիվանդություններից խուսափել։ Իսկ եթե, այնուամենայնիվ, դրանք մեզ չեն խնայում՝ ուրեմն սիրենք ինքներս մեզ ու խելամտորեն, մասնագետի օգնությամբ պայքարենք։
Նյութը հեղինակային չ՛է
Կարդացեք նաև հետևյալ նկարները՝



